Իմ սերունդը չորրորդ երկար ու կարճ պատերազմն է տեսնում, որ հավատա հրադադարին, քանի չկա խաղաղության շրջանակային համաձայնագիր: Քանի չկա համաձայնագիր, գործում է ՀՀ առաջին Պնախարար և ութերորդ վարչապետ Վազգեն Սարգսյանի զգուշացումը. «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»:
Անցած երկու շաբաթում ամբողջ աշխարհը գրեց ու ցուցադրեց պատերազմը Արցախում, մեղադրեց կողմերին ու միմյանց, հոկտեմբերի 10-ից հետո էլ սկսեց գնահատել հրադադարը, ու ի՞նչ ունենք հիմա.
1. Փխրուն հրադադար՝ առանց պայմանների որոշարկման, որ ամբողջությամբ չի պահպանվում: Կողմերը ժամանակն օգտագործելու են ուշքի գալու և վերազինվելու համար: Հայաստանը և Արցախը երբեք նախահարձակ չեն եղել ու չեն լինելու, հարձակվողը Ադրբեջանն է՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում աշխարհը համոզվեց ու շարունակեց պարիտետային կոչերը: Իլհամ Ալիևը 2020-ի սեպտեմբերին գործեց ճակատագրական՝ կլասիկ սխալ՝ տրվեց Էրդողանի սադրանքին: Երկրորդ կլասիկ սխալը գործեց Թուրքիայի նախագահը՝ Կովկաս բերելով մոջահեդներին: Երկու կլասիկներով իրենց պետությունները դարձրին ահաբեկչական, որքան էլ ժխտում են, կան սպանված մոջահեդների դիակներ՝ ծովը նետե՞ն, թե՞ հարազատներին հանձնեն: Սա ստեղծում է ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ: Նոր իրավիճակ՝ թե մեզ, թե աշխարհի համար: Միայն նավթ ու գազի, դոլարի դավանանքին հավատարիմները ու Թուրքիայից կախում ունեցողներն են կողմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Մնացած աշխարհը հասկանում է, որ Արցախը լուծում է էքզիստենցիալ գոյության խնդիր՝ Ադրբեջանին ու Թուրքիային պետք է Արցախի տարածքը, արցախցիները կամ պիտի սպանվեն, կամ հեռանան:
2. Հայկական բանակը ջարդեց միֆերը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակողական զենքերի հզորության մասին ու ապացուցեց, թե իրականում ո՞վ է Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորը, ո՞վ՝ սադրիչը, ո՞վ՝ ագրեսորը, ո՞վ՝ ահաբեկիչը: ՈՒ ի՞նչ պիտի անի Իլհամ Ալիևը: Հիմա, երբ տուն են վերադարձվելու դիերը, ու ստիպված է բացատրել՝ ինչու՞ են զոհվել, ինչի՞ են հասել: Թե՞ հիմա էլ խնդիր է դնելու Քեոփսի բուրգը գրավել, եթե Երուսաղեմը թուրքական քաղաք է, բուրգերն էլ ադրբեջանցիները կառուցած կլինեն՝ թուրքերի նախագծով:
3. Հայկական բանակի ու հայկական սփյուռքի միասնական հաղթանակը ստիպում է վերանայել՝ ովքեր են մեր բարեկամները և հնարավոր դաշնակիցները աշխարհում:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս հրադադարը՝ բացի անորոշ ժամանակով ու ճակատագրով խաղաղությունից: Մոսկվայում կողմերը համաձայնել են, որ.
1. 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե - խմբ.) միջնորդությամբ և չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3. ՀՀ-ն և ԱՀ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:
Դեֆակտո՝ հրադադարի պայմանների շուրջ կողմերը համաձայնության չեն եկել և ոչ էլ ՌԴ-ն է ստանձնել պատասխանատվություն, ամեն ինչ հանձնել են ԿԽՄԿ-ին, որ արդեն հայտարարել է՝ քանի կրակը չի դադարել, չեն կարող աշխատել: Կրակի դադարեցման հստակ պարամետրերի հարցում՝ նույնը: 4-րդ կետով Թուրքիան դուրս է դրվում բանակցային գործընթացից, իմա՝ ավելորդ էր մասնակցությունը պատերազմին և ենթադրվում է, որ պարտավորվելու է հավաքել մոջահեդներին ու հեռանալ տարածաշրջանից: Բայց դա շատ մեծ հարց է: Այս հարցում համընկնում են Ռուսաստանի ու Իրանի շահերը տարածաշրջանում, տարածաշրջանից դուրս՝ Ֆրանսիայի ու ողջ ԵՄ-ի:
Սակայն Անկարան ու Էրդողանը ինչ-որ հրադադարի համաձայնություն չեն համարելու գործողության ծրագիր՝ շարունակելու են թե զինել Ադրբեջանին, թե հրահրել՝ հրադադարը խախտելու՝ մինչև վերջին մոջահեդը սպանվի կամ տեսանելի-շոշափելի հաջողության հասնեն՝ շրջանի տեսքով՝ Արցախի հյուսիսում կամ հարավում: Էրդողանը շարունակելու է միջամտել ոչ միայն ռազմի դաշտում, այլև բանակցային գործընթացին: Շարքային թուրքերը չեն ների՝ նրանց ներշնչել են, որ պիտի վատ ապրեն, որովհետև հայերի հետ կռվում են, հիմա ավելի վատ են ապրում, հայերին էլ չեն հաղթում:
4-րդ կետը նաև մեզ համար է վիճելի՝ եթե «Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը», Արցախը նորից չի լինելու բանակցող: Թերևս Ալիևը իր ամենամեծ հաղթանակը համարելու է 3-րդ կետը, որտեղ, ճիշտ է, փաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը, իսկ նրանք դեմ են Մինսկի խմբին՝ տեղ-տեղ ու ստեպ-ստեպ, բայց հաստատվում է, որ «ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների»։ Ալիևը հրճվելու է, որ հայերն ու ռուսները համաձայնել են սուբստանտիվին, իմա՝ «օկուպացված» տարածքների հանձնման հարցով բանակցելուն: Հայ դիվանագիտության խնդիրն է փոխել ադրբեջանական սուբստանտիվի բովանդակությունը՝ պատերազմ պատերազմի վրա ապացուցվում է, որ Բաքվի «սուբստանտիվը» միֆ է, չի լինելու: Համենայն դեպս՝ չի եղել 1994-2020-ին, գուցե ինչ-որ ժամանակ հնարավոր էր փոխզիջում, բայց ոչ «Տարածքներ՝ բանակցությունների դիմաց» սկզբունքով: Արցախի շուրջ անվտանգության գոտին Արցախի անքակտելի մաս դարձրել է Բաքուն՝ իր ագրեսիաներով ու հարձակումներով: Հիմա՝ նաև Անկարան իր մոջահեդներով: Բովանդակային բանակցություններ հնարավոր են կայուն ու տևական խաղաղության դեպքում: Պատերազմ պատերազմի վրա մեծ հարց է դառնում բանակցությունների ՕՐԱԿԱՐԳԸ: Ինչի՞ շուրջ են բանակցելու կողմերը: Ի՞նչ են առաջարկելու միջնորդները, երբ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 3 սկզբունքներից Ադրբեջանը հասկանում է մեկը՝ տարածքային ամբողջականությունը, Հայաստանը համաձայն է երկուսին՝ ուժի չկիրառմանը և Արցախի ինքնորոշման իրավունքին: Փաստը, որ այս սկզբունքները կորցրել են ճկունությունը և այլևս բանակցելու տեղ չեն թողել, հիմնականում Ռուսաստանի մեղքն է: Անցած երկու շաբաթներին միջազգային լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Արցախին՝ հենց Ռուսաստան-Թուրքիա առճակատման տեսանկյունից, փաստելով, որ Էրդողանը Արցախն օգտագործում է Պուտինից Սիրիայում ու Լիբիայում զիջումներ պոկելու համար: Բազմիցս նշվել է, որ հետխորհրդային այս տարածքը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ դա նշանակում է, որ Կրեմլը խիստ խանդով է վերաբերվել ու կանխել է որևէ այլ երկրի միջամտություն տարածաշրջանի ոչ միայն կոնֆլիկտներին, այլև տնտեսական զարգացմանը: Մոսկվան փորձել է «հավասարահեռ լինել»՝ ինչպես կրկնում են ռուս հեռուստամեկնաբանները, թե Ադրբեջանից, թե Հայաստանից, իմա՝ չի ցանկացել կորցնել ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը: Իրավիճակ է փոխվել, Մոսկվան պիտի որոշի՝ ում հետ է: Հիմա, թերևս, ՌԴ նախագահը ափսոսանքի զգացում պիտի ապրի, որ 20 տարում Հայաստանին չի տվել ռազմարդյունաբերություն զարգացնելու հնարավորություն, այլ «Գույք պարտքի դիմացով» վերցրել ու փոշիացրել է պաշտպանական ներուժը, Թուրքիային է ոչ միայն Ս-400 վաճառել ու նույնիսկ Ս-500-ների մասին բանակցել, այլև տեխնոլոգիաների վաճառքի: Թուրքիայում, ոչ թե Հայաստանում է նոր ԱԷԿ կառուցում, «Թուրքական հոսքի» վրա միլիարդներ դրեց, գազատարը չաշխատած՝ «նորոգվում է»: Որ Հայաստանից 2 միլիոն աշխատունակ հայ է տարել՝ ստեղծելով ոչ միայն տնտեսական զարգացման վակուում, այլև ժողովրդագրական խնդիր՝ Հայաստանը դարձնելով տրանսֆերտով ապրող երկիր:
Մենք քարկոծում ենք Իսրայելին ու ճիշտ ենք անում՝ հոլոքոստ ապրած ժողովուրդը իրավունք չունի նոր ցեղասպանության միջոց դառնալ իր զենքերով, բայց փողից հոտ չի գալիս, բիզնես է, շահավետ գործարք՝ զենք նավթի դիմաց: Մեզ էլ են առաջարկել, չենք գնել՝ թանկ էր: Մենք, որ քարկոծում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ճիշտ ենք անում, որովհետև մեկ զանգով Նեթանյահուին կարող է կանխել Իսրայելի՝ զենքի վաճառքը Ադրբեջանին, եթե ոչ Էրդողանին կարող է իր երկրի տարածքում պահել, բայց գոնե մեկ անգամ մեզ հարցնում ենք՝ ինչու՞ չի զանգում: Որքանո՞վ է ճիշտ մեր հավերժ պահանջատեր, բայց ոչինչ չառաջարկողի կեցվածքը: Դոնալդ Թրամփի նախագահության 4 տարում չձևավորվեց հայ-ամերիկյան համատեղ օրակարգ: Մի Բրեդ Շերման, մի Ֆրենկ Փալոուն: Էլ ո՞վ է Հայաստանի շահերը ԱՄՆ-ում պաշտպանում: Կոնգրեսի Համայնքների պալատում ու Սենատում հայոց ցեղասպանության ընդունումը հազիվ թե մեզ ուղղված քայլ էր, այլապես կընդուներ և պետդեպարտամենտը, և Թրամփը կհայտարարեր: Փաստացի՝ չկան համատեղ շահեր: Երբ 2016-ի քառօրյա պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու ներքո Վիեննայում շփման գծի վերահսկողության մեխանիզների տեղակայման համաձայնություն կայացվեց, ի՞նչ եղավ հետո: ՈՒ՝ ինչու՞ չեղավ: Մեզ հարցրե՞լ ենք: Ալիևն էր դե՞մ: Միա՞յն: Երբ 2013-ին հրաժարվում էինք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից՝ 4 տարվա բանակցություններից հետո, քաղաքակրթական ընտրության հաշվարկ չէ՞ր կատարվում: Ա՞յն ժամանակ, թե՞ հետո կորցրինք Արևմուտքի հուսալի ու կանխատեսելի, ինքնիշխան գործընկերոջ իրավունքը: Մենք ընտրել ենք ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, փաստացի չկա ոչ ԵԱՏՄ, ոչ ՀԱՊԿ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ, իսկ Ռուսաստանը ուզում է նստել միաժամանակ երեք աթոռների վրա՝ Անկարայում, Երևանում, Բաքվում: Դա է իր ազգային շահը, ու ճիշտը դա է: Իր համար: Ինչպես Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համար ճիշտ է՝ պաշտպանել իրենց ազգային շահերն ու չմիջամտել… Ռուսաստանի գործերին: Նույնիսկ եթե այդ «գործերը» Ռուսաստանից դուրս են: Սա է իրականությունը: Իրականություն է, որ այս դաժան պատերազմում մենք չենք հասել ռազմական այնպիսի հաջողության, որ խոսենք թելադրողի դիրքերից, մենք նոր տարածք չենք գրավել, կապիտուլյացիա չենք պարտադրել, դիմակայել ենք ու թույլ չենք տվել մեր տարածքը գրավել: Հաշվի առնելով թշնամու թվական ու ռազմական գերակայությունը՝ անհնար, ֆանտաստիկ ու անհավատալի հաղթանակ է: Բայց՝ բանակցային դաշտում բարոյական առավելություն տվող: Երբ հարկադրված ես բանակցել մեկի հետ, ով ունի «բարոյականության» հակադիր պատկերացում, այդ առավելությունը չի աշխատում: Նրանք դավանում են պատերազմի, շահի, անբարոյականության աստվածիկներին, նրանք ԱՍՏՎԱԾ չունեն: Մենք հաղթում ենք մեր կյանքի գնով, նրանք հաղթում են փողի ուժով ու աշխարհաքաղաքական հակասությունների, որտեղ մենք չդիվերսիֆիկացրինք մեր ազգային անվտանգությունը ու չենք կարողանում ինքնիշխան դառնալ: Այս պատերազմը հետևանքն է 1994-ից հետո մեր ԱՐԱԾԻ, ավելի շատ՝ ՉԱՐԱԾԻ: Հայաստանը չպետք է առաջինը ճանաչի Արցախը և պետք է շարունակի բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ պահպանելու միջազգային աջակցությունը և ապացուցելու, որ ահաբեկիչ երկրում անհնար է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Հակառակը Բաքվի ու Անկարայի երազանքն է՝ փոխել կամ քանդել ձևաչափը, իրավիճակը շրջել իրենց օգտին դիվանագիտական դաշտում՝ ռազմի դաշտում ոչնչի չհասնելով: ԻՊ-ը ավերում էր Պալմիրան, Բաքուն՝ ռազմական նշանակություն չունեցող հոգևոր կենտրոն սուրբ Ղազանչեցոց տաճարը. ձեռագիրը նույնն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Խորին շնորհակալություն մեր սքանչելի սփյուռքին՝ բոլոր ջանքերի համար: Հիմա սփյուռքը ունի մեկ ու ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ՝ նպաստել Արցախի ճանաչմանը՝ հնարավոր ու անհնար ջանքերով, դա է նրանց կռվի դաշտը ու պիտի կռվեն՝ ինչպես հայ զինվորները Արցախում: ՀԻՄԱ ՈՒ ԱՄԵՆՈՒՐ: ՀԱՄԱՏԵՂ: Մնացածը միֆ է: ՈՒ ինչ-որ տեղ ծնվում է նոր պատերազմ: Ողջ լերուք: